Անցնել բովանդակությանը ↓

ԿՅԱՆՔԻ ՆՈՐ ՈՒՂԻ ԿԱՄ ՊԱՐԶԱՊԵՍ UWC

20 February 2019

Ուսանողական կյանքիս մասին, ընթերցողս, շա՜տ բաներ գիտես։ Սիրուն ու չկրկնվող քաղաքների գեղեկությունն ես տեսել ինձ հետ, ինքնաբերաբար դուրս թռչող ժպիտս ես կիսել, համեղ ուտելիքների բույրից ես արբել ինձ հետ, հնդկացի ու գերմանացի ընկերներիս հետ ես ընկերացել, մայրամուտների մանուշակագույնով ես հիացել ու թախծել մի քիչ։ Այսօր ուզում եմ քեզ պատմել ամենակարևորի մասին։ Ուզում եմ, որ իմանաս իմ ու շատ-շատերի կյանքը փոխած ու փոխող UWC-ի մասին։

UWC-ն (Աշխարհի միացյալ քոլեջներ) ծրագիր է, որի շրջանակներում բազմաթիվ երկներից աշակերտները հնարավորություն են ստանում երկու տարի ուսանելու աշխարհի 17 միացյալ քոլեջներից մեկում՝ դառնալով մշակութային փոխանակման, անկրկնելի փորձառության, որակյալ կրթության ու changemaker լինելու պատվավոր կրողը։ UWC-ն  մարդկային մեծ արժեքների ու փոխադարձ հարգանքի ծրագիր է, աշխարհի, մյուսների ու ինքդ քո հանդեպ ունեցած սիրո, խաղաղության, բարության ու հոգատարության ծրագիր։ Աշխարհի 17 UWC քոլեջներից մեկի մասին լսած կլինես, բարեկամս։ Դրանցից մեկը մեր Դիլիջանում է։ Ու հպարտանալու մեծ առիթ պիտի ունենանք հայերովս, որ մեր երկրում նման հաստատություն է գործում, որ դեռ էն ժամանակվանից, երբ մարդիկ արտագաղթում էին մեր երկրից՝ սովորելու ու աշխատանք գտնելու, աշխարհի տարբեր ծայրերից մեր Հայաստան էին գալիս իմ ու քո տարիքի հարյուրավոր ուսանողներ՝ UWC Դիլիջանի քոլեջում կրթություն ստանալու։ Քոլեջներից մեկն էլ կա, որի մասին պիտի որ իմանաս, հավատարիմ բարեկամ իմ։ Քեզ շատ եմ պատմել UWC Ադրիատիկի մասին, էդ էլ էն քոլեջն է, որտեղ ես եմ սովորում։ Իմ քոլեջը՝ ծովի ու երանության ափին, երազանքի ու իրականության հատման կետում՝ Իտալիայում։ UWC քոլեջները յուրահատուկ են նրանով, որ անկախ նրանց աշխարհագրական դիրքից՝ ուսանողներին հավասար հնարավորություններով են օժտում։ Ես ու Հայաստանում, Գերմանիայում, Չինաստանում ու Հնդկաստանում սովորող իմ տարեկիցները բոլորս IB (միջազգային բակալավրիատի) ուսումնական ծրագրով ենք սովորում՝ մարտահրավեր նետող, բայց, ինչ խոսք, որակյալ և ուժեղ։ Բայց IB-ն UWC-ի մի մասն է միայն։ Մենք աշխարհը փոխելու մեծ հեռանկարով ենք ապրում, որովհետև ինքնաբացահայտվելու ու մեր ձայնը լսելի դարձնելու հնարավորություն ունենք, որովհետև աշխարհի մյուս ծայրերում ապրող մեր հասակակիցներին (ու ոչ միայն) մեր մշակույթը ներկայացնելու ու իրենց մշակույթը ճանաչելու մե՜ծ հնարավորությունը ունենք։

Օրինակ՝ մեր քոլեջում մշակութային շաբաթներ են կազմակերպվում ամեն կիսամյակ։ Այս կիսամյակ Ասիական մշակույթի շաբաթն էր։ Հա, ի դեպ, կյանքում առաջին անգամ փորձեցի հնդկական ու K-pop պարել. ասում են՝ վատ չստացվեց: Հաջորդ կիսամյակ Արևելյան Եվրոպայի երկրների ներկայացուցիչները ելույթ կունենան, անցյալ կիսամյակ էլ մեզ իրենց երկրում հյուրընկալ ընդունող իտալացիներն էին իտալական շաբաթ նախաձեռնել։ Ամեն առավոտ դասի գնալուց ու դասերից հետո դասապատրաստմամբ զբաղվելուց բացի, բարեկամս, մենք սպորտի ենք հաճախում, կամ գնում ենք մոտակա քաղաքներ ու գյուղեր՝ համայնքին որևէ սոցիալական ծառայություն մատուցելու։ Օրինակ՝ ես ու իմ ընկերները ամեն հինգշաբթի գնում ենք մոտակա ավան՝ Մոնֆալկոնե՝ տարբեր տարիքի իտալացիներին անգլերեն ուսուցանելու։ Ամեն չորեքշաբթի և ուրբաթ ես լողի եմ գնում։ Երբ քոլեջ եկա, լողալ չգիտեի։ Մի տեսակ ափսոսում էի․ ծովի ափին էի ապրելու ու լողալ չգիտեի։ Դժվար էլ սովորեի, շատ բարդ էր թվում։ Այ, դա է UWC-ն․ այն, որ ես հիմա լողում եմ ազատ ու շա՜տ հավեսով, էնպես, ոնց ամիսներ առաջ պատկերացնել անգամ չէի կարող։ Ու համ էլ իմ լողի մարզիչը իմ՝ իտալերենի հմտությունները բարելավելու առաջին ու ամենասիրելի օգնականն է։ Էնքան շատ ենք զրուցում։ Դժվար կլինի բացատրել՝ ոնց եմ ամեն անգամ ոգևորվում մի նոր երկխոսություն վարելուց ու վերջում Tu sei brava ստանալուց հետո։ Երեքշաբթի իմ երգելու օրն է։ Իմ վոկալի ուսուցիչը ամենալավն է։ Քոլեջի համերգներին ելույթ ունենալն էլ մի ուրիշ հաճելի զգացողություն է։ Բացի էն ընկերներից, որոնք ժամանակի ընթացքում դառնում են մեր մտերիմները քոլեջում, մենք նաև մեր դասղեկական փոքրիկ խմբեր ունենք։ Իմ դասղեկը լեզվաբան է։ Բազմաթիվ լեզուներով է խոսում ու հայերեն էլ հասկանում է։ Ամեն ամիս հավաքվում ենք ու ջերմ զրույցներով համեմում մեր իսկ ձեռքով պատրաստած ազգային ուտելիքներով լիքը սեղանը։

Read more