Անցնել բովանդակությանը ↓

Ակադեմիական կյանքը

Մենք հավատում ենք, որ յուրաքանչյուր ոք կարող է դեր խաղալ աշխարհն ավելի լավը դարձնելու գործում, անկախ նրանից, թե ինչ ճանապարհն է նա ընտրում:

Այսպիսով, մենք առաջարկում ենք բարդ և ընդարձակ կրթություն, որը կօգնի ձեզ ստանալ անհրաժեշտ որակավորումներ, ձեռք բերել ձեր ուզած կյանքը և կատարել այն փոփոխությունները, որոնք ցանկանում եք տեսնել աշխարհում:

Ամեն տարի երիտասարդները դիմում են UWC, քանի որ ցանկանում են այնպիսի մարտահրավեր, որը դուրս կբերի նրանց հարմարավետության գոտուց, կբացի նրանց մտքերը նոր հեռանկարների համար և կօգնի բացահայտել նոր հմտություններ և տաղանդներ:

Դա բարդ փորձառություն է, բայց այն է, ինչը կարող է փոխել այն, թե ինչպես եք տեսնում աշխարհը:

Միջազգային բակալավրատի դիպլոմ ծրագիր (16-19 տարեկանների համար)

UWC հաճախող բոլոր 16-19 տարեկան սովորողները ուսանում են Միջազգային բակալավրիատի դիպլոմ ծրագրով (IBDP): Դա բարդ ուսումնական ծրագիր է, որը թույլ է տալիս սովորողներին ուսումնասիրել մի շարք առարկաներ և գաղափարներ՝ միաժամանակ սովորելով համայնքային գործունեության և ծառայության կարևորության մասին:

Իրականում UWC-ն առանցքային դեր է խաղացել IBDP-ի ստեղծման գործում դեռևս 1960-ականներին, և IB Կազմակերպության և UWC-ի միջև կապերը սերտ են մնում տասնամյակներ անց:

IBDP-ի նպատակն է «խրախուսել սովորողներին ամբողջ աշխարհում դառնալ ակտիվ, կարեկցող և ցկյանս սովորող անձինք, ովքեր հասկանում են, որ այլ մարդիկ, իրենց տարբերություններով հանդերձ, նույնպես կարող են ճիշտ լինել»: Այն հարգված է աշխարհի լավագույն համալսարաններում՝ ծառայության, հաղորդակցության, թիմային աշխատանքի, առաջնորդության և քննադատական մտածողության վրա կենտրոնանալու համար:

«Թեև IBDP-ն երբեմն բավականին ճնշող էր և սովորելու շատ բան կար, ընդհանուր առմամբ այն ինձ շատ ավելի ինքնավստահ դարձրեց և սովորեցրեց, թե ինչպես սովորել: Իմ առաջին տարին քոլեջում շատ ավելի հեշտ էր, քան IBDP-ի երկրորդ տարին: Ես շատ ավելի վստահ եմ իմ ասելիքի մեջ, քանի որ ուսումնասիրում եմ դրանք, և ես շատ ավելի լավ եմ գրում»:

- Լեոնոր, UWC Mahindra քոլեջի շրջանավարտ

Ի՞նչ առարկաներ կարող են սովորողները ընտրել IBDP-ի համար։

IBDP-ի սովորողները կարող են դասընթացներ ընտրել հետևյալ 6 թեմատիկ ոլորտներից․

  1. Լեզվի և գրականության ուսանում
  2. Լեզվի ձեռքբերում
  3. Անհատներ և հասարակություններ
  4. Գիտություն
  5. Մաթեմատիկա
  6. Արվեստներ (արվեստի կուրսի փոխարեն սովորողները կարող են ընտրել այլ թեմա՝ այլ գիտություն, անհատներ և հասարակություններ, լեզվի ընկալման կուրս)

Առհասարակ սովորողները սովորում են երեք առարկա ստանդարտ մակարդակի վրա, և ևս երեքը՝ ավելի խորացված մակարդակով, որոնց համար նրանցից սպասվում է ավելի խորը գիտելիքների դրսևորում, հասկացություն և հմտություններ։ Առարկաների ցանկը տարբեր է յուրաքանչյուր UWC դպրոցում և քոլեջում՝ հաճախ արտացոլելով դրանց աշխարագրական դիրքը և այն ոլորտները, որոնց վրա կենտրոնացած է տվյալ դպրոցը կամ քոլեջը։

Նշված վեց թեմատիկ ոլորտներից բացի՝ սովորողները ավարտում են IBDP ծրագրի երեք հիմնարար մասերը, որոնք առանցքային են ծրագրի փիլիսոփայության մեջ։ Դրանք են՝

Ընդլայնված էսսե
 

Ընդլայնված էսսե. սովորողները ուսումնասիրում են հատուկ հետաքրքրության մի ոլորտ և ստանում անհատական ուսումնասիրություն անցկացնելու և գրելու հմտություններ, որոնք պահանջվում են համալսարանական մակարդակում։ Էսսեն սովորաբար գրվում է սովորողի կողմից ընտրված վեց առարկաներից մեկի շրջանակներում, և դրա երկարությունը չպետք է գերազանցի 4,000 բառը։ Սովորողները աջակցություն են ստանում հետազոտության և գրելու ընթացքում ակադեմիկ վերահսկիչի կողմից։

Գիտելիքի տեսություն
 

Գիտելիքի տեսություն. Այս դասընթացը խրախուսում է սովորողներին անդրադառնալ գիտելիքի էությանը, նրան, թե ինչպես մենք գիտենք այն, ինչը, մեր համոզմամբ, գիտենք։ Սա գնահատվում է բանավոր պրեզենտացիայի և 1,600 բառանոց Էսսեի միջոցով։

Ստեղծագործականություն, ֆիզիկական ակտիվություն, ծառայություն 

Ծրագրի հիմքում ընկած են պատասխանատվություն ստանձնելը, սոցիալական, ստեղծագործ և արտադասարանական հմտությունների զարգացումը, ինչպես նաև այլոց հանդեպ կարեկցանք ցուցաբերելը։ Սովորողները ներգրավվում են զանազան ծրագրերի մեջ, որոնք նպատակ ունեն նրանց օգնել զարգացնել այս հատկանիշները՝ տեղի համայնքի կյանքին ակտիվ մասնակցության միջոցով։

 

 Միջազգային բակալավրիատի կարիերա ծրագիր (16-19 տարեկան)

IBDP-ին զուգահեռ որոշ UWC դպրոցներ և քոլեջներ 16-19 տարեկան սովորողներին առաջարկում են Միջազգային բակալավրիատի կարիերա ծրագիր (IBCP)։

Ինչպես IBDP-ն, IBCP-ն խստապահանջ կրթական ծրագիր է, որը սովորողներին զինում է հմտություններով և գիտելիքներով փոփոխություններ իրականացնելու համար այժմ և ապագայում, ինչով էլ որ նրանք որոշեն զբաղվել հաջորդիվ: Եվ ինչպես IBDP-ն, սա մի ուսումնական ծրագիր է, որը բարձր է գնահատվում աշխարհի համալսարանների կողմից:

Ի տարբերություն IBDP-ի սակայն, IBCP-ն եզակի է նրանով, որ այն սովորողներին հնարավորություն է տալիս մասնագիտանալ կոնկրետ ոլորտում: Եթե դուք ցանկություն ունեք որոշակի կարիերա ընտրել և հետևել այն կամ որոշակի ոլորտում հմտություններ և գործնական փորձ ձեռք բերել, սա կարող է ճիշտ ճանապարհ լինել ձեզ համար:

 

IBCP-ի բաղադրիչները 

BCP-ի սովորողները վերցնում են առնվազն երկու IBDP դասընթացներ, կարիերայի հետ կապված ուսումնասիրություն և IBCP-ի հիմնարար մասերը՝

  • IBDP դասընթացները ապահովում են ծրագրի տեսական հիմքը և ակադեմիական խստությունը: IBCP սովորողներն անցնում են առնվազն երկու IBDP դասընթացներ, որոնք ընտրվում են վեց հիմնական առարկայական ոլորտներից՝ լեզվի և գրականության ուսումնասիրություններ, լեզվի ձեռքբերում, անհատներ և հասարակություններ, գիտություններ, մաթեմատիկա և արվեստներ։
  • Կարիերայի հետ կապված ուսումնասիրությունը հետագայում ամրապնդում է ծրագրի ակադեմիական հիմքը և ապահովում է ուսուցման գործնական, իրական կյանքի մոտեցումներ: Այն պատրաստում է սովորողներին բարձրագույն կրթության, պրակտիկայի կամ հետաքրքրության ոլորտում աշխատանքի համար: IBCP-ն տարբեր կարող է լինել յուրաքանչյուր դպրոցում, որը ստեղծում է ուսումնական ծրագրի իր տարբերակը՝ տեղի համատեքստին և իր աշակերտների կարիքներին համապատասխան:
  • IBCP-ի հիմնարար մասերը նախատեսված են ստեղծելու կամուրջ, որը կապում է յուրաքանչյուր սովորողի ընտրած IBDP դասընթացները և կարիերայի հետ կապված ուսումնասիրությունը: Այն ներառում է չորս բաղադրիչ՝ անձնական և մասնագիտական հմտություններ, ծառայությունների ուսուցում, լեզվի զարգացում և վերլուծական նախագիծ: 

IBCP առաջարկող քոլեջներ

 

UWC Pearson քոլեջ - Climate Action Leadership Diploma (CALD)
 

IBCP ծրագրի շրջանակներում UWC Pearson քոլեջը մշակել է իր եզակի երկամյա Climate Action Leadership Diploma-ն (CALD-ը), որը նախատեսված է աշխարհում կլիմայի փոփոխության ու շրջակա միջավայրի պահպանման խնդիրները լուծել ցանկացող սովորողների համար: Երկու-երեք IBDP դասընթացներ անցնելու հետ մեկտեղ, CALD-ի ուսանողները ձեռնամուխ կլինեն կլիմայական գործողությունների առաջնորդության ուսումնասիրություններին, որոնք մշակվել են տարածաշրջանային համալսարանների հետ համատեղ: Դասընթացի այս հատվածը ներառում է տեղանքին բնորոշ և բնիկներից եկած գիտելիքներ և շրջակա միջավայրի պահպանում, ինչպես նաև ծրագրին հարմարեցված ծրագրավորում, միկրոհավատարմագրեր և դաշտային դպրոց: CALD-ի սովորողները UWC Pearson քոլեջի համայնքի լիիրավ անդամներ են՝ մասնակցելով UWC փորձառության բոլոր ոլորտներին իրենց IBDP հասակակիցների կողքին՝ զուգահեռ ակադեմիական ուղի անցնելով: CALD-ը UWC Pearson քոլեջում պետք է գործարկվի 2022 թվականի օգոստոսին (ենթակա է IB-ի հաստատման):

UWC Maastricht – Կայուն Բիզնես
 

IBCP ծրագրի շրջանակներում UWC Maastricht-ը Շվեյցարիայի Sustainable Management School (SUMAS) համալսարանի հետ համագործակցության արդյունքում նախագծել է Կայուն բիզնեսի «ուղի»: Ուսումնական ծրագիրը ներառում է մի շարք դասընթացներ, ինչպիսիք են տուրիզմը, նորաձևության արդյունաբերությունը և կայուն առաջնորդությունը, որոնք սովորողները անցնում են IBDP ծրագրի երկու-չորս առարկաների հետ միասին: IBCP սովորողները UWC Maastricht-ի համայնքի լիիրավ անդամներ են, ովքեր մասնակցում են UWC փորձառության բոլոր ոլորտներին իրենց IBDP հասակակիցների կողքին՝ միաժամանակ անցնելով զուգահեռ ակադեմիական ուղի: IBCP-ի սովորողները նաև խրախուսվում են զարգացնել իրենց տաղանդները սովորողների կողմից ղեկավարվող նախաձեռնությունների, կոնֆերանսների, սոցիալական ձեռներեցության ծրագրերի, համայնքային ծառայությունների, արտադասարանակն ուսուցման, նախագծերի շաբաթների և երաժշտության դասերի միջոցով: IBCP Կայուն Բիզնեսը UWC Maastricht-ում կմեկնարկի 2022 թվականի օգոստոսին:

 

Կրտսեր տարիքի երեխաներ (2-15 տարեկանների համար)

UWC-ի մի շարք դպրոցներ և քոլեջներ ընդունում են ավելի փոքր տարիքային խմբերի սովորողների՝ 2-ից 15 տարեկան: Այս կրտսեր տարիքին համապատասխանեցված ծրագրերը գործում են ի լրումն IBDP-ի, որն առաջարկվում է UWC-ի բոլոր դպրոցներում և քոլեջներում 16-19 տարեկան սովորողների համար:

Կրտսեր տարիքի սովորողները ներգրավված են իրենց տարիքին համապատասխան կրթական ծրագրերում, որոնք համահունչ են UWC-ի առաքելությանը` կրթությունը դարձնել խաղաղության և կայուն ապագայի ուժ:

Ակադեմիական առումով UWC-ում նրանք սովորում են IBDP-ի խստությամբ, եթե դա է այն ուղին, որով նրանք պետք է շարունակեն իրենց կրթական ուղին: Բայց դրանից առավել կարևոր է այն, որ 2-ից 15 տարեկան սովորողները սովորում են լինել ակտիվ, իրազեկ մասնակիցներ իրենց դպրոցում, իրենց համայնքներում և ավելի լայն հասարակության մեջ ուսուցման պրակտիկ, արժեքների վրա հիմնված և ամբողջական ծրագրերի միջոցով: Նրանց սովորեցնում են լինել համարձակ հարցականի տակ դնելու, ստեղծագործելու և ներգրավվելու, ինչպես նաև զարգացնելու ուժեղ սոցիալական, զգացմունքային և ստեղծագործական հմտություններ իրենց կյանքի համար UWC-ից դուրս:

UWC դպրոցներից շատերը, որտեղ գործում են կրտսեր տարիքի համար նախատեսված ծրագրեր, ունեն կամպուսում բնակվող և չբնակվող սովորողներ: Յուրաքանչյուր քոլեջ ինքն է որոշում այն տարիքը, որից սկսած սովորողները կարող են ապրել քոլեջում որպես գիշերօթիկ սովորող: Սա նշանակում է, որ կամպուսի տարածքներից օգտվում են և այն սովորողները, ովքեր հաճախում են դասերի, բայց ապրում են իրենց ընտանիքների հետ քոլեջից դուրս, և նրանք, ովքեր ապրում են քոլեջում: UWC քոլեջներում, որտեղ բացառապես առաջարկվում է ավագ դպրոցի ծրագրեր 16-19 տարիքային խմբերի համար, բոլոր սովորողները ապրում և սովորում են միասին քոլեջում որպես գիշերօթիկ սովորողներ:

Կրտսեր տարիքի համար նախատեսված ծրագրերով քոլեջներ

 

UWC Changshu China (Չինաստան) 

Ընդունում է 15-19 տարեկան գիշերօթիկ սովորողների։ Քոլեջը 15 տարեկաններին առաջարկում է սովորել մեկամյա Foundation Programme ծրագրով՝ IBDP-ին պատրաստվելու նպատակով։

UWC East Africa (Թանզանիա)
 

Ընդունում է 3-20 տարեկան սովորողների իր երկու կամպուսներում՝ Արուշա և Մոշի։ Քոլեջը իր 3-11 տարեկան սովորողներին առաջարկում է IB Primary Years Programme (PYP) ծրագիրը, 11-16 տարեկաններին՝ IB Middle Years Programme (MYP), IBDP-ն առաջարկվում է 16-20 սովորողներին։ Մինչ Մոշի կամպուսը հյուրընկալում է ինչպես գիշերօթիկ, այնպես էլ ոչ գիշերօթիկ սովորողների բոլոր երեք ծրագրերի համար, Առուշա Կամպուսը ընդունում է PYP-ում և MYP-ում ընդգրկված սովորողներին, ինչպես նաև IBDP-ի տարիներին գիշերօթիկ և ցերեկային սովորողներին:

UWC ISAK Japan (Ճապոնիա) 

Ընդունում է 15-19 տարեկան գիշերօթիկ սովորողների։ 15 տարեկան սովորողները կարող են ընդունվել քոլեջ որպես 3 տարվա ավագ դպրոցի ծրագրի մաս, որն ընդգծում է իր առաջատար Leadership Programme ծրագիրը 10-րդ դասարանում, նախքան 11-րդ դասարանի 2-ամյա IBDP-ին միանալը (16-19 տարեկաններ):

UWC Maastricht (Հոլանդիա) 

Ընդունում է 4-19 տարեկան սովորողների։ UWC Maastricht Primary School 4-11 տարեկանների համար է, իսկ UWC Maastricht Secondary School առաջարկում է IB Middle Years Programme (MYP) 11-16 և IBDP-ն 16-19 տարեկաններին։ UWC Maastricht-ում միայն IBDP սովորողներն են ապրում կամպուսում, մնացած մեծամասնությունը ուսանում են քոլեջում, բայց ապրում են իրենց ընտանիքների հետ։

UWC South East Asia (Սինգապուր) 

Ընդունում է գիշերօթիկ և ոչ գիշերօթիկ 4-18 տարեկան սովորողների իր երկու կամպուսներում, Dover և East։ UWC South East Asia-ի կոնցեպտուալ k-12 ծրագիրը  պատրաստում է բոլոր տարիքի սովորողների՝ կապելով նրանց համընդհանուր հասկացություններով համալրված ուսումը Սինգապուրում իրենց ունեցած իրական փորձառությունների հետ: Նոր սովորողները կարող են միանալ դպրոցին ցանկացած տարիքում՝ Տարրական դպրոց (4-11 տարեկան), Միջին դպրոց (12-14 տարեկան) կամ Ավագ դպրոց (15-17 տարեկան), և կարող են ավարտել ինչպես UWCSEA ավագ դպրոցի դիպլոմով, այնպես էլ IB դիպլոմով:

 

UWC Thailand (Թայլանդ) 

Ընդունում է 2-18 տարեկան սովորողների։ Early Childhood Programme-ը բաղկացած է խաղի վրա հիմնված ուսուցումից ամենաերիտասարդ սովորողների համար, ովքեր 2-ից 5 տարեկան են: Քոլեջը նաև 3-12 տարեկաններին առաջարկում է IB Primary Years Programme (PYP) ծրագիրը, 11-16 տարեկաններին՝ IB Middle Year Programme (MYP) ծրագիրը, և 16-19 տարեկաններին՝ IBDP։

Waterford Kamhlaba UWC of Southern Africa (Էսվաթինի) 

Ընդունում է 11-19 տարեկան գիշերօթիկ և ցերեկային սովորողների։ 11-15 տարեկան սովորողները գնում են Lower Secondary School, որտեղ ուսանում են դպրոցի ծրագրով։ 15-17 տարեկան սովորողներին առաջարկվում է Cambridge IGCSE programme ծրագիրը, իսկ 17-19 տարեկանները սովորում են IBDP-ով։

Ուշադրություն․ UWC դպրոցում կրտսեր տարիքի համար նախատեսված ծրագրով ուսանելը սովորողին ինքնաբերաբար տեղ չի տալիս հետագայում UWC-ում IBDP-ով ուսանելու համար: Կրտսեր տարիքի համար նախատեսված ծրագրեր առաջարկող բոլոր դպրոցները ուշադիր հետևում են յուրաքանչյուր սովորողի առաջադիմությանը, որպեսզի համոզվեն, որ 16-19 տարեկանների համար նախատեսված երկամյա ծրագրի շրջանակներում իրականացվող բարդ IBDP-ն իրենց համար ճիշտ ուսումնական ուղի է:

Խնդրում ենք կապվել ձեր ընտրած դպրոցի հետ՝ կրտսեր տարիքի համար նախատեսված ծրագրերի մասին լրացուցիչ տեղեկությունների համար: